ՍԻՐՈ ԳԱՐՈՒՆ

Գարու՜ն է, արև՜, սիրուս տամ բարև,
Ինձ ամուր գրկի ու ճախրեմ վերև,
Դեպի երկնքի լազուրե ծոցը,
Ուր ինձ ջերմացնի բոսորե բոցը:
Ու լողամ երկնի անապակ ծովում,
Խաղ անի քամին թեթև իմ հոգում,
Մտքերս քշի անհուն հեռուներ,
Ուր ինձ սպասում են սիրո հեքիաթներ:
Ու ես հեռանամ, մի պահ վերանամ,
Գեթ մեկ վայրկյանով ես անէանամ,
Ու գարնանային անձրևի ներքո թե վերադառնամ,
Քո տաք համբույրից կրկին ու կրկին թող որ արթնանամ …